Կառավարությունը հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024-2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: Մասնավորապես՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար կապահովվեն ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննության հանձնում: Արդյունքում՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը: