ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁ
Սիրելի’ ուսանող,
Մասնագիտական գիտելիքներով հարուստ, բազմակողմանի զարգացած և բանիմաց, հմուտ անձնավորությունը պետության ամենաարժեքավոր հարստությունն է: Գիտակ և կիրթ սերնդով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը համաշխարհային արագընթաց զարգացումներում:
Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է, ուստի օրըստօրե փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող են դիմագրավել միայն արդիական, կայուն, հարուստ գիտելիքներով:
Ուսանողները Մեսրոպ Մաշտոցի անվան համլասարնին կից բազային քոլեջ ոտք են դնում նոր գիտելիքներ ձեռք բերելու և լավ մասնագետ դառնալու հավակնությամբ։ Ցանկանում ենք վստահեցնել, որ քոլեջի ղեկավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի ձեր ուսումնառության տարիները լինեն բովանդակալից և հետաքրքիր։
Ուստի, սա է մեր հորդորը բոլոր ուսանողներին, օգտագործեք ձեր լավագույն տարիները՝ որակյալ կրթություն ստանալու, բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար:
Մեթոդական ուղեցույցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Մեսրոպ Մաշտոցի անվան համլսարանին կից բազային քոլեջի պատմությանը, կառուցվածքին, ուսումնառության կանոններին, ուսանողների իրավունքներին և պարտականություններին, մանկավարժական գործընթացի կազմակերպմանը, ներքոլեջային կառույցներին և նրանց գործունեությանը:
Ուղեցույցում ներկայացված են նաև ուսումնական գործընթացների (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ), քննություններին և ստուգարքներին պատրաստվելու, ինքնուրույն և անհատական աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները:
Մեթոդական ուղեցույցը նախատեսված է քոլեջի բոլոր ուսանողների համար: