Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում կայացավ յուրահատուկ և ներշնչող հանդիպում՝ «Շելբի Տուր» զբոսաշրջային կազմակերպության տնօրեն Մարինե Ավետիսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին քոլեջի և համալսարանի Զբոսաշրջություն և Սերվիս մասնագիտության ուսանողները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։Հանդիպման ընթացքում Մարինե Ավետիսյանը ներկայացրեց ընկերության պատմությունը, ձևավորման և զարգացման ուղին, խոսեց այն արժեքների մասին, որոնց վրա հիմնված է «Շելբի Տուր»-ի հաջողությունը՝ հաճախորդակենտրոն մոտեցում, պատասխանատվություն և նորարարություն։Զրույցը վերածվեց հետաքրքիր քննարկման, որտեղ ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու զբոսաշրջության ոլորտի արդի միտումների, ճամփորդությունների հոգեբանական և մշակութային ազդեցության, ինչպես նաև արտագնա և ներգնա տուրիզմի զարգացման հեռանկարների շուրջ։Մարինե Ավետիսյանը ընդգծեց, որ ժամանակակից մարդը ճամփորդության միջոցով որոնում է ոչ միայն նոր վայրեր, այլև ինքնաճանաչում, փորձի և տպավորությունների կուտակում։ Նա նաև խոսեց ընկերության կառուցվածքի և գործունեության ուղղությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է «Շելբի»-ն մշտապես ընդլայնում իր հնարավորությունները և բարձրացնում ծառայությունների որակը։Հանդիպման ընթացքում ուսանողներին առաջարկվեց նաև հատուկ պրոմոկոդ՝ «Շելբի Տուր»-ի միջոցով ճամփորդելու և ընկերության ծառայություններից առավել մատչելի կերպով օգտվելու համար։ Բացի այդ, հայտարարվեց, որ համալսարանի ուսանողներին շուտով կտրամադրվի հնարավորություն պրակտիկա անցնելու և փորձի փոխանակման «Շելբի Տուր» ընկերության գրասենյակում։Այսպիսի հանդիպումները ոչ միայն նպաստում են ուսանողների մասնագիտական հմտությունների ձևավորմանը, այլև խթանում են նրանց մոտիվացիան՝ իրենց ապագան տեսնելու զբոսաշրջության հետաքրքիր և դինամիկ ոլորտում։