Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանում հյուրընկալել էինք սիրված բանախոս, լեզվաբան և հանրային խոսքի մասնագետ Էմմա Նոնինյանին։ Նրա դասախոսությունը՝ «Հայոց լեզուն՝ որպես հաջողության բանալի», դարձավ ոգեշնչող ու մտորելու տեղիք տվող հանդիպում բոլոր ներկաների համար։
Էմմա Նոնինյանը խոսեց հայոց լեզվի հզորության, բառի ուժի և մեր ինքնության մեջ լեզվի բացառիկ դերի մասին։ Նա ընդգծեց, որ հայերենը ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև մտածողության ձև, ինքնավստահության աղբյուր և հաջողության ճանապարհի անբաժան մաս։
Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց հետաքրքիր օրինակներ այն մասին, թե ինչպես կարող է ճիշտ ու գրագետ խոսքը բացել նոր հնարավորությունների դռներ՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում։
Հանդիպման ավարտին ներկաները ունեցան հնարավորություն ուղղելու իրենց հարցերը, կիսվելու մտքերով և շնորհակալություն հայտնելու Է․ Նոնինյանին հետաքրքիր, կենդանի և ոգևորող խոսքի համար։
Այսպիսի միջոցառումները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ սիրելով և զարգացնելով մեր մայրենի լեզուն՝ մենք զարգացնում ենք ինքներս մեզ։