Օրերս Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում տեղի ունեցավ բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Հայրապետյանի «Խնդրային կախյալ նախադասությունները 20-րդ դարի 50-60-ական թթ․ հայ արձակում» գրքի շնորհանդեսը։ Աշխատության թեման խնդրային ստորադաս բաղադրիչով բարդ նախադասությունների քննությունն է գեղարվեստական խոսքի համատեքստում, որը տեսական և գործնական կարևորություն ունի լեզվի զարգացման գործընթացների ուսումնասիրության համար։ 20-րդ դարի 50-60-ական թթ․ հայ արձակը շարահյուսագիտական առումով քիչ ուսումնասիրված բնագավառ է, և դրանում դրսևորված լեզվական կառույցներն արտացոլում են լեզվի զարգացման որոշակի փուլային առանձնահատկություններ, որոնց բացահայտումը կարող է հետաքրքրել թե տեսական, թե դիդակտիկ լեզվաբանությանը։ Գիրքը նախատեսված է բանասերների, ոճաբանների և ուսումնական հաստատությունների համար։