Օրերս տեղի ունեցավ Մ․ Մաշտոցի անվան համալսարանի ՈԱ պատասխանատու տ․գ․թ․, դոցենտ Շ․ Ասրյանի «Կարոտի անուրջներ» գրքի շնորհանդեսը։

 

 

Շուշանիկ Ասրյանը ընթերցողի դատին է հանձնում բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն։ Մասնագիտությամբ տնտեսագետ Շ. Ասրյանի բանաստեղծությունների ժողովածուն խորագրվել է «Կարոտի անուրջներ», որն արդեն իսկ հուշում է, որ ժողովածուն բանաստեղծուհու կորուստների, ցավի և ցավից հյուսված կարոտների կորագծումներն են։ Նրա հոգեաշխարհի գույները արտապատկերվում են հայրենի Ջավախքի, ապա նաև Արցախի բնաշխարհի գույներից։

 

 

 

Ժողովածուն բաղկացած  է «Կարոտի Արցախյան հույզեր», «Դու և ես», «Ջավախքյան անուրջներ», «Մտորումներ» մասերից:

    «Կարոտի Արցախյան հույզեր»-ը բացվում է «Արցախ աշխարհս» բանաստեղծությամբ, որում Արցախի կորստի մորմոքը թույլ է տալիս հիշեցնելու նրա փառավոր անցյալը, հաղթանակները, ոգեկոչելու հերոս քաջորդիներին, որոնց բռունցքված կամքի և ոգու շնորհիվ Արցախն ազատագրվել էր թշնամու ապիկար շնչից:

Այնտեղ եմ թողել տուն ու գերեզման,

Թողել եմ այնտեղ վանքեր, խաչքարեր,

Հավատս ինձ հետ, մատուռս՝ այնտեղ,

Հոգով այնտեղ եմ, այնտեղ եմ և  ես: («Այնտեղ եմ ես»)

 

 

 «Դու և ես» շարքի բանաստեղծություններում զգացվում է Դու-ի և ես-ի երանավետ միության, կարոտների, երջանկության իրական հաճույքին հաջորդում է մենության թախիծը: 

    Սերն աստվածային պարգև համարող բանաստեղծուհին խոստովանում է. «Հավատում էիր Դու ինձ, ես Քեզ ՝առավել…»:

          «Ջավախքյան հույզեր», շարքը վերնագրվեց այսպես, որում մանկության վերհուշն է Փարվանայի ափերին, ձյունապատ Աբուլի խստաբիբ հայացքի տակ, հայրենի Փոգայում, ուր ամեն ինչ երազային էր:  

Գիրքը փակվում է  «Մտորումներ» շարքով, որտեղ Շ. Ասրյանը աշխարհի կարգերի, մարդկային հարաբերությունների, ազնվության, բարության, կյանքի փիլիսոփայության ներքին մտորումներն է  ընթերցողին հանձնում: Այստեղ զետեղված են նաև քառյակները:

 

 

 

 

Շ. Ասրյանի բանաստեղծությունների գիրքը իր  հոգու թրթիռներն են, որոնք աշխարհ են բերվել գրչի ուժով: Ինչպես խոստովանում է՝ գնահատանքի համար չէ արել, այլ պարտքի՝ հայրենիքների, մի ամբողջ ժողովրդի, ամուսնու հանդեպ ունեցած սրբագործված պարտքի զգացողությամբ: Սպասենք նրա հաջորդ գրքերին: