Օրերս Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի Ընդհանուր մանկավարժության և լեզուների ամբիոնի դասախոս , բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Հայրապետյանը դեպի Իտալիա կրթամշակութային այցի շրջանակներում մասնակցել է Հռոմի « Io per l′Altro» (IPA) կրթամշակութային կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացին ։ Իտալական « Io per l′Altro» (IPA) դասընթացի հիմնական նպատակներից է ներառական և կայուն կրթության զարգացումը, ինչպես նաև երիտասարդների անձնական և մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնումը։ Դասընթացավար, IPA-ի ուսումնական ծրագրերի համակարգող Մարիա Վիկտորիա Բատալիան ներկայացրել է կազմակերպության կրթական ծրագրերը և համագործակցության հնարավորությունները ։ Քննարկվել է ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառելիությունը մասնագիտական տարբեր ոլորտներում, դրանց դերը շարունակական ուսուցման և կարիերայի առաջխաղացման գործում և հավաստել, որ ոչ ֆորմալ կրթությունը կարևոր է մասնագիտական զարգացման և ցկյանս ուսումնառության համար։ Հանդիպումը արդյունավետ էր, քանի որ մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, վերլուծեցին ոչ ֆորմալ կրթության դրական կողմերը մասնագիտական զարգացման համատեքստում։