Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոս Նատալի Գևորգյանի դասընթացի շրջանակում հոգեբանության երրորդ կուրսի ուսանողները ներկայացրին հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը։

Սակայն հանդիպման հիմնական շեշտադրումը արվեց ոչ թե կենսագրական փաստերի, այլ Տերյանի պոեզիայի հոգեբանական ազդեցության վրա։ Ուսանողները փորձեցին բացահայտել, թե ինչպես է բանաստեղծի խոսքը հուզական և ենթագիտակցական մակարդակներում ազդում ընթերցողի վրա՝ ձևավորելով ներաշխարհի ներդաշնակություն, խորը զգացմունքայնություն և ինքնաճանաչման գործընթաց։

Քննարկման ընթացքում վերլուծվեցին Տերյանի բանաստեղծություններում արտացոլված տխրության, երազի և հոգու նրբազգացության թեմաները՝ դիտարկելով դրանք որպես հոգեբանական ապրումների վերարտադրություն և հոգևոր ինքնամաքրումի ձև։

Դասընթացը վերածվեց մտորումների հարթակի, որտեղ ուսանողները փորձեցին հասկանալ, թե ինչպես է պոեզիան դառնում ոչ միայն գեղարվեստական արժեք, այլ նաև հոգեբանական թերապիա, որը կարող է բուժել, հանգստացնել և օգնել մարդուն գտնել սեփական ներքին հավասարակշռությունը։

Այսպիսի նախաձեռնությունները ևս մեկ անգամ ընդգծում են արվեստի և հոգեբանության սերտ կապը՝ ցույց տալով, որ բառի ուժը հաճախ ավելի զորավոր է, քան ցանկացած հոգեթերապևտիկ միջամտություն։