Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի  միջավայրը  լի էր նոր շնչով ու գույների ներդաշնակ համադրությամբ․ կարծես ժամանակը մի պահ կանգ էր առել՝ տեղը զիջելով արվեստին ու Սայաթ-Նովայի հիշողությանը։ «Կառավարում/Մենեջմենթ» մասնագիտության առաջին կուրսի դասախոս Լիլիթ Գուրուրյանը   ուսանողների հետ կազմակերպել է բաց դաս՝  «Սայաթ-Նովա» խորագրով, որը հիշեցնում էր փոքրիկ մշակութային ներկայացում ։

Աշուղ-բանաստեղծի կերպարը կենդանացավ ուսանողների խոսքում․
նրանք ներկայացրին բանաստեղծի կյանքը, ստեղծագործական աշխարհը, երգերի հոգևոր խորությունը։ Բայց ամենագեղեցիկ պահը դեռ առջևում էր․ բեմականացում Սայաթ-Նովայի և գոզալի՝  Աննայի հանդիպումից։ Ուսանողները ոչ միայն ներկայացրին, այլ զգացին ու փոխանցեցին այդ հանդիպման նրբությունը՝ հուզական ու իրական։

Հնչեց Սայաթ-Նովայի անմահ ստեղծագործություններից  «Աշխարհումս իմն դուն իս» տաղը։
Մեղեդին տարածվեց լսարանում՝ ստեղծելով այն զգացումը, թե ժամանակն ու արվեստը միախառնվել են մեկ շնչի մեջ։ Ցուցադրվեց «Սայաթ-Նովա» ֆիլմից մի հատված, որն ավելի ամբողջական դարձրեց աշուղի կերպարը՝ թույլ տալով տեսնել ոչ միայն բառը, այլ նաև կերպարի շունչը։

Լսարանի ձևավորումը բխում  էր թեմայի բովանդակությունից․ քամանչա , մեղմ լուսավորություն, սահիկաշար, թղթապաստառներ։Ապահովվեց միջառարկայական կապ․  Սայաթ-Նովայի դարաշրջանում գոյություն ունեցող հասարակարգերի , դրանց գաղափարական հիմքերի ու  մշակույթի վրա ազդեցությունները , որտեղ գրականությունն իր ձեռքը մեկնեց արվեստին, իսկ պատմության վրա լույս սփռվեց ։

Այս բաց-դասը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մշակույթը կենդանի է, երբ այն ապրեցնում են երիտասարդները։

Առաջին կուրսը համոզեց՝ Սայաթ-Նովան դեռ խոսում է, երգում է, ապրում է, միայն պետք է սրտով լսել։