Օրերս Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության  I կուրսի ուսանողները դասընթացավար Մ․ Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ։

Այցը կազմակերպվել էր որպես դասից դուրս կրթական նախաձեռնություն, որի նպատակն էր ավելի սերտ կապ ստեղծել ուսանողների և արվեստի միջավայրի միջև։ Այցի հիմնական նպատակը հայկական կերպարվեստի զարգացման փուլերին ծանոթանալն էր։ Ուսանողները ուսումնասիրեցին հայ նկարիչների տարբեր ժամանակաշրջանների աշխատանքները, փորձեցին հասկանալ, թե ինչպես են այս ստեղծագործությունները արտացոլում ազգի պատմությունը, մշակույթը և ինքնությունը։

Պատկերասրահում նրանք դիտեցին բազմաթիվ արժեքավոր գործեր, տարբեր հեղինակների աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում էր իր ոճով, գունային լուծումով և տեխնիկայով։ Ուսանողները տեղեկացան նկարիչների կյանքի հետաքրքիր դրվագների մասին, ինչպես նաև ամրապնդեցին գիտելիքները արվեստաբանական դիտարկումների միջոցով։