Գրքի տոնին ընդառաջ Մ․ Մաշտոցի անվան համալսարանի ուսանողները այսօր այցելեցին Ֆենիքս գրախանութ, որտեղ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված գրախանութի հիմնադրման 7 ամյակին։ Օրվա հատուկ հյուրն էր մեր ժամանակների սիրված գրող Ռուբեն Եսայանը։
Հանդիպումն անցավ ջերմ և բովանդակալից մթնոլորտում։ Հեղինակը ներկայացրեց իր ստեղծագործական ուղին, խոսեց գրքերի ստեղծման գաղափարների, գործունեության առանձնահատկությունների և անձնական փորձառության մասին՝ կիսվելով հետաքրքիր պատմություններով ու մտորումներով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը, լսելու արժեքավոր խորհուրդներ և անմիջապես հաղորդակցվելու հեղինակի հետ։
Միջոցառումն ուղեկցվեց նաև գրքերի ներկայացմամբ և Ռուբեն Եսայանի հեղինակային ստորագրությամբ, ինչը հանդիպումն առավել հիշարժան և ոգեշնչող դարձրեց ներկաների համար։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ընթերցանության մշակույթի խթանման և գրքի նկատմամբ հետաքրքրության խորացման գործում՝ ստեղծելով կենդանի կամուրջ հեղինակի և ընթերցողի միջև։
Այցը դարձավ Գրքի տոնին նախորդող գեղեցիկ ու արժեքավոր մշակութային հանդիպում։
Շնորհակալ ենք Ֆենիքս գրախանութին հրավերի և ջերմ ընդունելության համար։