Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանի և կից բազային քոլեջի միջոցառումների դահլիճը լեփ-լեցուն էր ուսանողներով, ովքեր հյուրընկալեցին ժամանակակից գրող, սցենարիստ, «Թունելից 13 կմ հեռավորության վրա», «Վանականներն ունեն գաղտնիք», «Մյուսը» միստիկ թրիլլերների հեղինակ Ռուբեն Եսայանին:
🎓 Ուսանողների հետ հանդիպումը, որը կազմակերպվել էր համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Անահիտ Պետրոսյանի նախաձեռնությամբ, անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։ Հարցուպատասխանների ընթացքում քննարկվեցին գրողի ստեղծագործական ուղին, ոգեշնչման աղբյուրները, ինչպես նաև ժամանակակից գրականության մի շարք կարևոր թեմաներ։
✍️ Ռուբեն Եսայանը պատմեց, թե ինչպես են ծնվում իր ստեղծագործությունների գաղափարները, ինչու է ընտրել միստիկ թրիլլերի ժանրը և ինչ առանձնահատկություններ ունի այդ ուղղությամբ գրելը։ Նա ընդգծեց, որ իր գրքերում հաճախ փորձում է համադրել իրականությունն ու խորհրդավորությունը՝ ընթերցողին պահելով լարվածության մեջ մինչև վերջ։
💬 Ուսանողները մեծ հետաքրքրությամբ հարցեր ուղղեցին նաև սցենարիստական գործունեության մասին՝ պարզելու, թե ինչպես է գիրքը վերածվում ֆիլմի սցենարի։ Հեղինակը կարևորեց մշտական ընթերցանության, աշխատասիրության և սեփական ոճը գտնելու կարևորությունը։
🤝 Հանդիպման ավարտին Մ․ Մաշտոցի անվան համալսարանը և համալսարանին կից բազային քոլեջը Ռուբեն Եսայանին հանձնեցին խորհրդանշական նվերներ։ Հեղինակը սիրով մակագրեց նաև իր գրքերը և լուսանկարվեց ուսանողների հետ՝ դարձնելով օրը առավել հիշարժան։